Երեւանի Նալբանդյան 106/1 հասցեում այսօր՝ փետրվարի 23-ին «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ն սկսել է հատել 60-70 տարեկան տասնյակից ավելի ծառեր` 16 հարկանի էլիտար շենք կառուցելու համար: Տեղի բնակիչները ստորագրահավաք են սկսել այս շինարարության հետ կապված, որը մտադիր են դիմումի հետ միասին ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին:  

Բնակիչները պահանջում են`

«1. Ներկայացնել նշված տարածքում նախատեսվող քաղաքաշինական ծրագրի կոնկրետ նախագիծը.

2. Հրապարակել ծրագրով նախատեսված բազմահարկ շենքի կառուցման համապատասխանությունը տարածքի սեյսմիկ պայմաններին.

3. Նշված տարածքում կառուցվելիք շենքի բարձրությունը սահմանելիս առաջնորդվել հարակից շենքերի բնակիչների կենսամիջավայրը չխաթարելու սկզբունքով՝ բացառելով ավելի քան ինը հարկանի կառույցի շինարարութունը, քանի որ հակառակ դեպքում կառույցը կստվերի շրջակա շենքերի բնակարանները և կհակասի վերոհիշյալ որոշման 1 (բ.) կետով սահմանված «ներդաշնակ կառուցապատման» ապահովման սկզբունքին.

4. Ապահովել, որպեսզի նշված տարածքում շինարարական աշխատանքների ընթացքում չխախտվեն բնապահպանական նորմերը, չհատվեն տարածքում աճող ծառերը, որոնցից շատերն արդեն իսկ ոչնչացվել են.

5. Կազմակերպել հանրային քննարկումներ տեղի բնակչության ներկայացուցիչների հետ` ապահովելու իրականացվելիք շինարարական ծրագրի համապատասխանությունը նրանց շահերին»:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով ու Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքների նկատմամբ 2010թ. սեպտեմբերի 9-ի 1258-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը ճանաչել է բացառիկ`  գերակա հանրային շահ: Ըստ որոշման` տարածքները տրվել են  «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ին` բազմաֆունկցիոնալ կառույց եւ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար։ Ամբողջ բակային տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, համալրվի կանաչապատ տարածքներով եւ խաղահրապարակներով, ինչպես նաեւ պետք է հիմնովին նորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները: