«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում փետրվարի 17-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի կապակցությամբ, որով, «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը պարտավորեցվում է 1-ամսյա ժամկետում ապամոնտաժել հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռն ու մալուխը:
«Ժառանգության» հայտարարության մեջ ասվում է.
«Երեք տարի շարունակ դատական բոլոր ատյաններով անցած, վճռաբեկ դատարանի կողմից հօգուտ «ԳԱԼԱ»-ի բեկանված գործի քննության այս փուլում ընդունված հիշյալ վճիռը հերթական հարվածն է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը, ժողովրդավարությանն ու «ԳԱԼԱ»-ի բազմահազարանոց լսարանի` ազատ եւ անկողմնակալ տեղեկատվություն ստանալու իրավունքին:
Փաստորեն ՀՀ իշխանությունները`
• տարբեր ճանապարհներով խոչընդոտներ հարուցելու միջոցով չհասնելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության եթերազրկմանը,
• չբավարարվելով առաջիկա 10 տարիներին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը եթերից զրկելու մասին իրենց կայացրած քաղաքական որոշումը 2010թ. դեկտեմբերի 23-ին ՀՌԱՀ-ի ձեռամբ կենսագործելուց,
• անհանգստացած անգամ այն հեռանկարից, որ այդ «մրցույթի» արդյունքներից անկախ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը նմանօրինակ եղանակով եթեր է հեռարձակվելու մինչեւ 2015 թվականը, ինչը լուրջ խոչընդոտ է օրերս ստորագրված կոալիցիոն հուշագրի արատավոր, հակաժողովրդավարական նպատակներին հասնելու ճանապարհին,
այժմ էլ փորձում են Գյումրիի քաղաքապետի միջոցով շարունակել ազատ խոսքի ու ազատ հեռուստաընկերության դեմ իրենց անփառունակ պայքարը:
Փետրվարի 17-ին «Ժառանգության» պատգամավորները, վարչության անդամները հանդիպեցին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Ի պատասխան «Ժառանգության» ներկայացուցիչների հորդորների` հետ կանգնել անպատվաբեր քայլերից, քաղաքապետը հայտարարեց, որ ««ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ գնալու է մինչեւ վերջ»:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ազատ խոսքի դեմ այս սանձարձակ գործողությունները` իշխանություններին կոչ անելով երկիրը հեղինակազրկող նման քայլերի փոխարեն ուղիներ փնտրել կապուղիների թիվն ավելացնելու համար, որպեսզի 2010թ. դեկտեմբերին հեռարձակման իրավունքից մերժված «Ա1+» եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունները վերադառնան եթեր:
Մենք նաեւ մեր զորակցությունն ենք հայտնում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը վերաքննիչում բողոքարկել պատրաստվող «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը եւ այդ դատական ատյանին կոչ ենք անում զերծ մնալ իշխանությունների թելադրած քաղաքական որոշումներն օրինականացնելուց»:





























