Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա հունվարի 21-25-ը, որի օրակարգում է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը: Նստաշրջանի օրակարգում է նաեւ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը: Մասնավորապես, քննարկման թեմա է դառնալու ադրբեջանական բանտերում գտնվող մեկ տասնյակ բլոգերների, քաղաքացիական ակտիվիստների հարցը, որոնք անժամկետ հացադուլ են սկսել:
Բացի այդ, հունվարի 21-ի նիստի ընթացքում նախատեսվում է ԵԽԽՎ նախագահի եւ փոխնախագահների ընտրություն: ԵԽԽՎ օրակարգում է նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին անվստահություն հայտնելու հարցը. նրան մեղադրում են ռուսական շահը պաշտպանելու մեջ:
Ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Ֆինլանդիայի նախագահը: Ձմեռային նստաշրջանի օրակարգում է նաեւ Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների դիտարկման հարցը:
Նշենք, որ առաջին անգամ է հայկական պատվիրակությունը մասնակցելու նոր կազմով: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն է, «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, «Լուսավոր Հայաստան»-ից՝ Էդմոն Մարուքյանը: Հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի հունվարի 20-ին:




























