Տրանսպորտային անվտանգության համակարգի ազգային ռազմավարության մշակման աշխատանքային խումբը սեպտեմբերի 22-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ռազմավարության մշակումը եւ հաստատումը սահմանված է «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ» եւ «Հայաստան-Եվրամիություն» համագործակցության ծրագրով:

Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ ռազմավարության ընդունումն օժտված է բացառիկ կարեւոր քաղաքական եւ տնտեսական նշանակությամբ` հաշվի առնելով թե' տարածաշրջանային վերջին զարգացումները, թե' Իրան-Հայաստան ավտոմայրուղու եւ երկաթգծի կառուցման տեսլականը: Տրանսպորտային անվտանգության ազգային ռազմավարության նպատակը ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համակարգերի անվտանգության բարձր մակարդակի ապահովումն է, նոր տրանսպորտային տարածաշրջանային ենթակառուցվածքների հուսալիության բարձրացումը, ինչպես նաեւ` միջազգային չափանիշներին համապատասխան տրանսպորտային անվտանգության համակարգի ձեւավորումը:

Նիստում որոշվել է ռազմավարության նախագիծը եկող տարվա մարտին ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը, որից հետո, համաձայն Հայաստան-Եվրամիություն համագործակցության ծրագրի, կառավարությունը կիրականացնի հնգամյա միջոցառումների ծրագիր: