Հայաստանում ինտերնետի տարածմանը զուգահեռ զարգանում է նաեւ ինտերնետ հեռուստատեսությունը. շուկայում հայտնվում են նոր խաղացողներ, ինտերնետային պորտալներ, որոնք ինտերնետային հեռարձակում են իրականացնում, թեեւ դրանց թիվը մեծ չէ։
Շուրջ մեկ տարի առաջ Հայաստանում ստեղծվեց Gaasinfo.am-ը՝ բազմաժանր ինտերնետ հեռուստատեսությունը, որի գլխավոր ռեժիսոր Վանիկ Նիկոյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայաստանյան ինտերնետի որակը չի խանգարում իրենց աշխատանքին։ Կարելի է անգամ ամենաթույլ ինտերնետի դեպքում դիտել ինտերնետային հեռարձակմամբ ցուցադրվող հաղորդումները։
«Մենք գործող արագությունների խտությունը այնպես ենք հաշվարկել, որ անգամ ամենաթույլ արագության դեպքում կարող են օնլայն դիտել մեր հաղորդումները՝ ընդամենը 30 վայրկյան սպասելով»,-ասաց Վ. Նիկոյանը։ Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ նորաստեղծ կայքի այցելուների թիվը չէր հասնում անգամ 100-ի, սակայն ներկայումս ինտերնետային հեռուստատեսությունը օրական ունի 1500-2000 այցելու։
Վ. Նիկոյանի խոսքով՝ ինտերնետային գովազդը հայաստանյան գովազդատուների շրջանում դեռեւս գրավիչ չէ՝ նրանք նախընտրում են գովազդ պատվիրել ավանդական հեռուստատեսություններին։
«Ինտերնետային հեռուստատեսության աշխատանքը կարելի է ասել՝ վնասակար է։ Պարզապես ժամանակ է պետք, լսարանն աստիճանաբար կմեծանա ինտերնետ օգտագործողների թվաքականի աճի հետ, որից հետո ինտերնետային հեռուստատեսության աշխատանքը կլինի եկամտաբեր»,-ասաց Վ. Նիկոյանը։
«ԷՅ. ԷՄ. Մեդիա Պրոդակշն» ընկերությանը պատկանող webtv.am-ը ինտերնետային հեռուստատեսության ուղղությամբ աշխատանքները սկսել է 2010թ. օգոստոսից։ Արդեն գարնանը՝ մարտից նոր ինտերֆեյսով նոր եթերաշրջանում կներկայացնի հատուկ հաղորդաշարեր, որոնք կանդրադառնան ֆիլմերի, ժամանակակից արվեստի ստեղծագործությունների եւ ժամանակակից գրականության խնդիրներին։ Կցուցադրվեն նաեւ վերջին 20 տարիներին արված փառատոնային ֆիլմերը, ինտերնետային ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենան քննարկումներ։ Նախատեսվում է թեմաների քննարկումները տեղափոխել նաեւ վիդեո բլոգոսֆերա։
Ընկերության տնօրեն Արայիկ Մանուկյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում նույնպես հաստատեց, որ ինտերնետային հեռարձակման համար ինտերնետի որակը էական չէ։ Բրաուզների խնդիր նույնպես չունեն. պորտալի տեխնոլոգիական լուծումներն այնպիսին են, որ ցանկացած բրաուզերով հնարավոր կլինի դիտել հաղորդումները՝ Google Chrome-ով, Firefox Mozilla-ով եւ այլն։
Ա. Մանուկյանի խոսքով՝ ամենակարեւորն այն է, որ ինտերնետային հեռուստատեսության միջոցով հնարավոր կլինի դիտել այնպիսի հաղորդումներ եւ ֆիլմեր, որոնք հազիվ թե հնարավոր լինի գտնել ավանդական հեռուստաալիքներով։ «Մեր լսարանը տարբերվում է։ Եթե ավանդական հեռուստատեսությունները սերիալ եւ համերգ են առաջարկում գրեթե ողջ օրը շարունակ, ապա մենք կառաջարկենք միայն թատրոնի, գրքերի եւ ֆիլմերի մասին հաղորդումներ։ Մեր ուղղվածությունը մշակութային եւ հասարակական է։ Ոչ թե քանակական է լինելու մեր լսարանը, այլ որակական»,-ասաց Ա. Մանուկյանը։
Լուսինե Մովսիսյան



























