Շիրակի մարզի` վրացական համարանիշերով ավտոմեքենաների վարորդները ողջունել են Հայաստանի կառավարության փետրվարի 24-ի որոշումը, բայց արձանագրում, որ գործադիրն այդպես էլ խորամուխ չի եղել բուն խնդրի մեջ: Այդ մասին ասված է վարորդների` փետրվարի 24-ին տարածած հայտարարության մեջ:
«Ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը, այնուհանդերձ, որոշեց աննշան փոխզիջման գնալ եւ մեր մեքենաների մի մասի (մինչեւ 2005 թիվն արտադրված, մինչեւ 5 մլն դրամ մաքսային արժեքով եւ մինչեւ 2011 թվի փետրվարի 5-ի գնված ավտոմեքենաների) մաքսազերծման համար անտոկոս վարկ տրամադրել: Սակայն, կարծում ենք, որ այդ հնարավորությունից կօգտվեն մաքսազերծման խնդրի առաջ կանգնած ավտոմեքենաների տերերի փոքրաթիվ մասը, մեր կարծիքով` հազիվ 5-10 տոկոսը: Կառավարությունը հաճույքով նշում է օրենսդրական այս փոփոխության հետեւանքով մաքսազերծված մեքենաների թիվը, բոլորովին չհետաքրքրվելով այս ընթացքում Վրաստան տարված եւ հապճեպ, խիստ էժան գներով վաճառված ավտոմեքենաներով, դրանից տուժված իր քաղաքացիներով եւ այդ միտման հետագա շարունակությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Ըստ վարորդների` կառավարությունը այդպես էլ խորամուխ չեղավ բուն խնդրի մեջ, որ հարուցել էր ինքը` հազարավոր վարորդներին հարկային թակարդի մեջ գցելով: «Անտոկոս վարկի տրամադրումը նույն է, թե կառավարությունը իր գրպանից մյուս գրպանը դրամ է տեղափոխում եւ մեզ ստիպում լցնել իր առաջին գրպանը, պարտադրելով, այնուամենայնիվ, մեքենաներն անմիջապես մաքսազերծել, վարկ ստանալ եւ մեքենաները` վարկի դիմաց գրավ առնելով` դառնալ վարկային պատանդ, չունենալ այդ մեքենան օտարելու, գուցեեւ` արտասահման ուղեւորվելու հնարավորություն ամբողջ այն ընթացքում, քանի դեռ վարկը չենք փակել: Կառավարությունը թող ինքնախաբեությամբ չզբաղվի` անտոկոս վարկը հարցի լուծում չէ»,- նշել են վարորդները` անբավարար գնահատելով կառավարության ու ՀՀ Ազգային Ժողովի վերաբերմունքը եւ ուշադրությունը իրենց շարունակական զանգվածային բողոքներին եւ խնդրին:
Վարորդները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը, որ եթե մինչեւ փետրվարի 28-ը կառավարությունը չթողնի իր կոսմետիկ միջոցառումներն ու չանցնի խնդրի իրական լուծումների, ստիպված կլինենք անցնել մեր պլանավորված ծայրահեղ գործողություններին, այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով հանրությանը եւ իշխանություններին:



























