Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնությունը ողջունում է այսօրվա՝ փետրվարի 24-ի կառավարության որոշումը, որով փոփոխություններ են առաջարկվում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում:
Ըստ այդմ,
-հանվել է հղիության եւ ծննդաբերության արձակուրդի համար սահմանված նպաստների տրամադրման վերին շեմը,
-ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարման համար հաշվարկային օրեր են համարվում ոչ միայն աշխատանքային, այլեւ տոն օրերը,
-նախատեսվել է փոփոխությունների հետադարձ ուժ:
Հասարակական նախաձեռնությունը, միաժամանակ, իր մտահոգությունն է հայտնում օրենքի նախագծի մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ, որոնց համաձայն
-Ժամանակավոր անաշխատունակության բոլոր նպաստները հարկվելու են,
-հղիության եւ ծննդաբերության անաշխատունակության դեպքերից բացի ժամանակավոր անաշխատունակության մյուս բոլոր դեպքերի նպաստների համար պահպանվում է փոխհատուցման վերին շեմը` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Հասարակական նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ ազգային ժողովին`
նկատի ունենալով Հայաստանի ժողովրդագրական վիճակը եւ երկրում ծնելիության խթանման անհրաժեշտությունը` հղիության եւ ծննդաբերության նպաստների հաշվարկման համար հիմք ընդունել աշխատող կնոջ համախառն եկամուտը, ինչպես նախատեսում էր նախկինում գործող` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» օրենքը կամ տրամադրվող նպաստի համար եկամտահարկ ու սոցիալական վճարներ գանձելու պարագայում ներկայացնել օրինագիծ` գոյացած միջոցներից գործազուրկ կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստ տրամադրելու մասին,
- նկատի ունենալով ՀՀ բոլոր քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը` ժամանակավոր անաշխատունակության այլ դեպքերի համար (հղիության եւ ծննդաբերության արձակուրդից բացի) մինչեւ 5 տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին փոխատուցել նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ 5 տարուց ավել աշխատանքային ստաժ ունեցողներին միջին աշխատավարձի 100 տոկոսի չափով:
Կառավարությունն այս նոր փոփոխություններով նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողովին` գարնանային նստաշրջանի ընթացքում քննարկելու եւ ընդունելու նպատակով:





























