Աարդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ռ.Մնացականյանը փետրվարի 22-ին հացադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել ՔԿՀ պետին, որն ընդունվել է եւ տրվել համապատասխան ընթացք:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱՆ Քրեակատարողական վարչությունից, այդ դիմումի համաձայն դատապարտյալը գտնվում է բժշկական ծառայության մշտական հսկողության ներքո, առողջական վիճակը լավ է:
Քրեակատարողական վարչության հաղորդագրության մեջ ասվում է.
«Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե իբր ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրող Ռ.Մնացականյանին ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ից «Վանաձոր» ՔԿՀ են տեղափոխել՝ հիմք ընդունելով նրա դիմումը «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ, ապա դա չի համապատասխանում իրականությանը:
Կարեւորելով հասարակության` անաչառ, օբյեկտիվ եւ ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը` հայտնում ենք, որ դատապարտյալ Ռ.Մնացականյանը ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ից «Վանաձոր» ՔԿՀ է տեղափոխվել այն պատճառով, որ նախկինում ենթարկվել է թվով 7 կարգապահակ տույժի, այսինքն` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դատապարտյալը թույլ է տվել չարամիտ խախտումներ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն «Պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ` պատժի կրումը շարոնակելու նպատակով»:
Հավելենք, որ իրականությանը չի համապատասխանում նաեւ այն տեղեկությունը, թե իբր դատապարտյալը խնդրել է իրեն տեղափոխել ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում դատապարտյալից նման խնդրանքով որեւէ դիմում չի ստացվել: Բացի դրանից, ներկայումս անհնար է դատապարտյալին ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ տեղափոխել, քանի որ նշված ՔԿՀ-ում նախատեսված չէ պատժի կրման փակ տեսակի համար»:



























