Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր կառավարության անդամներին հավաստիացրել է, թե թույլ չի տա, որ երկիրը ԵՄ-ից դուրս գա կոշտ սցենարով, այսինքն՝ առանց Եվրամիության հետ ապագա համագործակցության չափորոշիչների մասին գործարքի: Այս մասին հայտնել է The Sun պարբերականը՝ վկայակոչելով բրիտանական կառավարությունում աղբյուրին:
«Վարչապետը հստակ հասկացրել է, որ ինքը չի գնա գործարքի բացակայության ճանապարհով»,- ասել է աղբյուրը՝ մանրամասներ ներկայացնելով անցած շաբաթ տեղի ունեցած կառավարության նիստից: Նա հավելել է, որ Մեյը դեռեւս պատրաստ չէ այս մասին հրապարակայնորեն հայտարարել, քանի որ, նրա կարծիքով, դա կթուլացնի ԵՄ-ի հետ բանակցություններում իր դիրքերը:
Հունվարի 29-ին բրիտանացի պատգամավորները կքննարկեն ԵՄ կազմից երկրի դուրս գալու մասին օրինագծում կատարվող ուղղումները, որոնք կորոշեն, թե ինչ կերպ է կայանալու Լոնդոնի եւ Բրյուսելի «ապահարզանը»: Ուղղումներից մեկով կառավարությունից պահանջվում է հենց առանց գործարքի Brexit-ի հնարավորության բացառումը: Մեյը նման առաջարկը հրապարակայնորեն մերժում է, չնայած նրա կառավարության մի քանի անդամներ աջակցում են հարցի նման դրվածքին:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նշանակված է մարտի 29-ին, սակայն բրիտանական խորհրդարանը հրաժարվում է կանաչ լույս վառել «ապահարզանի» պայմանների իրականացման ճանապարհին, որոնք Թերեզա Մեյի կառավարությունը եւ բրյուսելյան բանակցողները համաձայնեցրել են:




























