Ամերիկացիների մեծամասնությունը՝ 63 տոկոսը, դժգոհ են երկրում իրավիճակի զարգացումից եւ կարծում են, որ այն սխալ ուղղությամբ է ընթանում: Դա են վկայում կիրակի օրը հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որը համատեղ անցկացրել են  The Wall Street Journal-ը եւ NBC հեռուստաընկերությունը: Դրանում նշվում է, որ մեկ ամիս առաջ նմանատիպ հետազոտության ընթացքում արձանագրվել է նման դժգոհողների 56 տոկոս:

Վերջին հարցման մասնակիցների մոտ 68 տոկոսը, նկարագրելով իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ում իրավիճակին, կիրառել են բացասական գնահատականներով բառեր եւ արտահայտություններ`«աղետ», «վատթարացում», «անկարգություն», «դժվար ժամանակներ»: Սոցիալական հետազոտությունն անցկացվել է այն ժամանակ, երբ բյուջետային ճգնաժամի հետեւանքով դաշնային կառավարության աշխատանքը դեռեւս դադարեցված էր երկրում: Աշխատանքը վերսկսվեց միայն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրեց օրինագիծ`մինչեւ փետրվարի 15-ը կառավարական գերատեսչությունների գործունեության համար միջոցներ հատկացնելու մասին:

Ինչ վերաբերում է Թրամփի անձնական վարկանիշին, ապա այն փաստացի մնացել է անփոփոխ`դեկտեմբերյան հարցումների համեմատ․ նախագահին աջակցում է ամերիկացիների 43 տոկոսը, 54 տոկոսը` դեմ է: Միեւնույն ժամանակ, հարցվածների 50 տոկոսը կարծում է, որ նախագահը մեծ պատասխանատվություն է կրում կառավարության մասնակի գործունեությունը կասեցնելու համար, հարցվածների 37 տոկոսը դրանում մեղադրում է ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչներին:

Հունվարի 20-ից հունվարի 23-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցմանը մասնակցել են մոտ 900 ԱՄՆ-ի չափահաս քաղաքացիներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: