Բոգոտան ոչ մի բացատրություն չունի, թե ինչու է ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Վենեսուելայի իրավիճակի հարցով ճեպազրույցի ժամանակ իր նոթատետրում «5000 զինվոր դեպի Կոլումբիա» գրառումը կատարել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Կոլումբիայի ԱԳ նախարար Կառլոս Օլմես Տրուխիլյոն, փոխանցում է DW-ն:
«Նման նշում կատարելու իմաստը եւ պատճառները մեզ հայտնի չեն»,- շեշտել է նա: Նրա խոսքով՝ Կոլումբիան եւ Լիմայի խմբի մյուս երկրները, որը 2017 թվականին ստեղծվել էր Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի կարգավորման համար, այս երկրի իրավիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արդեն հայտնել են:
Կոլումբիան աջակցել է Ազգային ասամբլեայի նախագահ Խուան Գուայդոյին, որն իրեն հռչակել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Նա պետք է քաղաքական գործընթաց սկսի այս երկրում ինստիտուցիոնալ եւ ժողովրդավարական կարգի վերականգնման ու ընտրություններին նախապատրաստվելու համար: Բոգոտան կշարունակի ԱՄՆ-ի հետ աշխատել՝ նրանց «բարեկամական ազգ» համարելով, հավելել է Կառլոս Օլմես Տրուխիլյոն:
Վենեսուելայում Վաշինգթոնի հնարավոր ռազմական ինտերվենցիայի մասին լրագրողների հարցին Բոլթոնն ինքը պատասխանել է. «Բոլոր տարբերակները քննարկվում են»:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել էին ԱՄՆ նախագահի օգնականի դեղին նոթատետրի լուսանկարը, որը կատարվել էր Վենեսուելայի իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ: Դրա էջին՝ վերեւում հստակ ընթերցվում է 2 գրառում. «Աֆղանստան՝ երկխոսությունը ողջունում ենք» եւ «5000 զինվոր դեպի Կոլումբիա»:




























