Սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի տասներորդ նիստը:
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ
Համագործակցության կոմիտեի տասներորդ նիստը նախագահել են հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Եվրոպական միության կողմից` Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի վարչության տնօրեն Գունար Վիգանդը, Առեւտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի (ոչ ԵՄ) եւ Կենտրոնական Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների վարչության տնօրեն Եվա Սինովիչը եւ ԵՄ Նախագահությունը ներկայացնող Շվեդիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի վարչության տնօրեն Յոհան Ֆրիզելը:
Նիստի ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների խորացման հետ կապված հարցեր, ներառյալ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման հեռանկարները: Օրակարգում ներառված են եղել նաեւ օրենքի գերակայության, ժողովրդավարության եւ կառավարման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված հարցեր, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ԵՄ աջակցությունը եւ համագործակցությունը, այդ թվում նաեւ տարածաշրջանային համագործակցությունը, ԵՄ խորհրդատվական խմբի հետ գործակցության հետ կապված այլ լրացուցիչ հարցեր:
Հիշեցնենք, որ 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի ու Եվրոպական Համայնքների եւ նրանց անդամ պետությունների միջեւ կնքվել է Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։ Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է ՀՀ-ԵՄ Համագործակցության կոմիտե: Նիստերը տեղի են ունենում տարին մեկ անգամ` ռոտացիոն կարգով, Բրյուսելում կամ Երեւանում:




























