Վերջին տարիներին Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է ՄԱԿ զարգացման ծրագրերի իրականացմանը Հայաստանում։ Այս մասին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունում անցկացված «Միջազգային զարգացմանը նպաստելու ասպարեզում Ռուսաստանի Դաշնության գործունեության մասին» համաժողովում հունվարի 30-ին հայտարարեց Հայաստանում ՄԱԿ ԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը՝ ընդգծելով Ռուսաստանի հետ համագործակցության կարեւորությունը։

«Ռուսաստանն աստիճանաբար դառնում է ՄԱԿ ծրագրերի համար կարեւոր դոնորներից մեկը, մանավանդ՝ ԱՊՀ երկրներում։ Մենք ուրախ ենք, որ այդ երկրներից մեկը, որտեղ այդ համագործակցությունը ոչ միայն հասնում է նշանակալի ծավալների, այլեւ դինամիկ զարգանում է, դարձել է Հայաստանը»,- ասաց Շարպը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի գծով Ռուսաստանի կողմից Հայաստանին աջակցության ծավալը, 2010 թվականից սկսած, հասել է մոտ 50 միլիոն դոլարի։ Ընդ որում, նա նշեց, որ 2016թ․ հունվարի 1-ին պաշտոնապես ուժի մեջ են մտել կայուն զարգացման ոլորտի 17 նպատակներ, որոնք նշված են մինչեւ 2030թ․ ընկած ժամանակահատվածի օրակարգում, որը համաշխարհային առաջնորդների կողմից ընդունվել է 2015թ․ ՄԱԿ պատմական գագաթաժողովում։

«Առաջիկա 15 տարիների ընթացքում, երբ պետք է իրականացվեն այդ ունիվերսալ գործածության նոր նպատակները, երկրները ուժեղացնում են իրենց ջանքերը, որոնք ուղղված են աղքատությունն իր բոլոր ձեւերով արմատախիլ անելուն, անհավասարության դեմ պայքարին, կլիմայի փոփոխության հետ կապված հարցերի լուծմանն ու այն բանի ապահովմանը, որ ոչ ոք չմոռացվի»,- ընդգծեց Շոմբի Շարպը։