Սաուդյան Արաբիայի թագավորական դատարանը հայտարարել է, որ հակակոռուպցիոն արշավն ավարտվել է, քանի որ կառավարությունը 106,6 մլրդ դոլար է ստացել՝ հայտնում է AP-ն։

Նշենք, որ 2017թ․ նոյեմբերին, թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բին Սալմանի կողմից նախաձեռնված հակակոռուպցիոն գործողությունների շրջանակում կալանավորվել են 11 արքայազններ եւ հարյուրավոր նախկին պաշտոնյաներ ու գործարարներ։ Մի քանի շաբաթ նրանց պահել են Ritz-Carlton շքեղ հյուրանոցում, որից հետո տեղափոխել են բանտ։

Թագավորական դատարանի հայտարարության համաձայն, կառավարությունը ստացել է դրամական տեսքով բաժնետոմսեր, սեփականություններ, բիզնես-ակտիվներ, ինչի հետ կապված՝ հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքը դադարեցվել է։

Այդ ընթացքում հարցաքննվել է 381 մարդ, որոնցից 87-ը համաձայնել են մինչդատական վճռի կայացմանը, 56-ին քրեական մեղադրանք է առաջադրվել։ Կալանավորները, որոնց մեղադրանք չի առաջադրվել, ազատ են արձակվել։