Փետրվարի 16-ին կայացած երգահաններ Սասուն Պասկեւիչյանի եւ Վահրամ Պետրոսյանի մամուլի ասուլիսի ընթացքում վերջինիս հնչեցրած որոշ տեսակետներ, դարձան քննարկումների առարկա: Հայ հանրությանը հատկապես վրդովեցրել էր այն, որ Վահրամ Պետրոսյանը նշել էր, թե ադրբեջանական երաժշտությունը իր էության մի մասն է կազմում։ Այս կապակցությամբ, Վահրամ Պետրոսյանը տվել է հետեւյալ պարզաբանումը, որը խնդրում է ներկայացնել հանրությանն առանց խմբագրական միջամտության:
«Առաջին հերթին ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում զգացմունքներն ակամայից վիրավորել եմ: Ասուլիսի ընթացքում բացառապես քննարկվում էին երաժշտարվեստի խնդիրները, որի քաղաքականացումն անընդունելի է: Շատ եմ ցավում, որ անբարեխիղճ մոնտաժի արդյունքում իմ անունը շրջանառվեց հարեւան երկրի հակահայկան քարոզչության մեջ, իսկ մեզ մոտ դարձավ հրապարակային զանազան մեղադրանքների թիրախ:
Հասկանում եմ, որ որոշ անզգույշ արտահայտություններ ցավ են պատճառել բազմաթիվ մարդկանց, որոնց թվում են նաեւ Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը վերապրած մարդիկ: Այս հայտարարությամբ ես հատուկ հայցում եմ նրանց ներողամտությունը: Հասկանում եմ, որ իմ որոշ արտահայտություններ տեղի չէին հատկապես այս օրերին, երբ մենք ոգեկոչում ենք Ադրբեջանում ցեղասպանության ենթարկված հայերի հիշատակը: Ես բարեխղճորեն կատարել եմ իմ պարտքը եւ ծառայել հայոց բանակում: Վստահեցնում եմ բոլորին, եթե անհրաժեշտությունը լինի, ես առաջիններից մեկը կամավոր կմեկնեմ մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու: Սրանով խնդրում եմ թեման համարել սպառված եւ դադարեցնել այդ պատուհաս դարձած ասուլիսի շուրջ քննարկումները»։


























