Uber մասնավոր ուղեւորափոխադրող առցանց ծառայությունը որոշել է վաղվանից դադարեցնել Բարսելոնայում ծառայությունների մատուցումը: Այս մասին նշված է հինգշաբթի ընկերության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սա պայմանավորված է կատալոնական իշխանությունների ընդունած որոշմամբ: «Մենք ստիպված ենք Բարսելոնայում Uber-ի սպասարկումը դադարեցնել»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ: Շրջանի իշխանությունները հավանություն էին տվել որոշմանը, որի համաձայն մասնավոր ուղեւորափոխադրող ընկերությունների առցանց ծառայությունների օգտատերերը պետք է սպասարկման հարցում կատարեին նվազագույնը քառորդ ժամ առաջ: Uber-ը կատալոնական իշխանությունների այս որոշմանը համաձայն չէ:
Հունվարի 18-ից 24-ը Բարսելոնայում ընթանում էին տաքսիստների գործադուլները: Նրանք հանդես էին գալիս մասնավոր ուղեւորափոխադրող առցանց ծառայությունների գործունեության դեմ: Ներկայումս տաքսիստների անժամկետ գործադուլը շարունակվում է Մադրիդում:




























