Թբիլիսիի Իսանի թաղամասում շմոլ գազից թունավորման արդյունքում մահացել է յոթ մարդ։ Այս մասին «Новости – Грузия» լրատվական գործակալությանը հաղորդել է ՆԳՆ մամլո ծառայությունը:
Գազի արտահոսքը տեղի է ունեցել Քեթեւան նահատակների պողոտայի վրա գտնվող թիվ 67 տանը: Նախնական տվյալներով, յոթ մարդու մահվան պատճառը շմոլ գազից թունավորումն է, որը պայմանավորված է եղել ինքնաշեն ջրատաքացուցիչ սարքի աշխատանքի խափանումով:
«Թբիլիսիում, Քեթեւան նահատակների պողոտայում գազի թունավորման հետեւանքով հնարավոր մահվան դեպքի փաստով տեղում աշխատում են պարեկային ոստիկանությունը, մոբիլիզացված փրկարարական ծառայությունը: Ընթանում են մահացածների ինքնության պարզման աշխատանքներ», - հաղորդել են Վրաստանի ՆԳՆ-ից:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով, բոլոր 7 մահացածները ապրել են մեկ սենյականոց բնակարանում, որտեղ էլ տեղի է ունեցել գազի արտահոսքը: Տան բնակիչները նշում են, որ իրենք շինարարությունում են աշխատում եւ բնակարան էին վարձել վերջին մի քանի ամիսների ընթացքում:
Դեպքի վայրում ներկայումս աշխատում են դատաբժշկական փորձագետները, ինչպես նաեւ «KazTransGas» գազաբաշխիչ ընկերության եւ Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչները:




























