Բրիսթոլի համալսարանում գտել են «Լանսելոթ-սկիհի» կամ «Լանսելոթն արձակում» միջնադարյան վիպաշարի մի հատված Արթուր թագավորի ասպետների մասին, տեղեկացնում է N+1-ը։
Ձեռագիր յոթ էջերն ամրացված են եղել մեկ այլ միջնադարյան գրքի, որը տպագրվել է XV դարավերջին – XVI դարասկզբին։ Դրանցում «Մերլինի մասին վեպի» ցայժմ անհայտ մի հատված է պարունակվում ֆրանսերենով։
Ասպետական անանուն վիպաշարը ստեղծվել է XIII դարի առաջին կեսին հին ֆրանսերենով։ Հետազոտողները կարծում են, որ սկզբում ստեղծվել են Լանսելոթի եւ Կլոր սեղանի մյուս ասպետների մասին երեք վեպեր՝ «Լճային Լանսելոթի գիրքը», «Սուրբ սկիհի որոնումները», «Արթուրի մահը»։ Ավելի ուշ ի հայտ է եկել եւս երկու վեպ, որոնք նախորդել են նախորդ երեքին՝ «Սուրբ սկիհի պատմությունը» եւ «Մերլինի մասին վեպը», որոնցում պատմվում է Արթուր թագավորի պատանեկության մասին։ Դրանցից մեկը հավանաբար Թոմաս Մելորիի «Արթուրի մահը» վեպի աղբյուր է հանդիսացել։
Փորձագետները ծրագրում են թարգմանել եւ խմբագրել գտնված հատվածը եւ փորձել պարզել, թե ինչպես է այն հայտնվել Անգլիայում։




























