Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներից ոչ մեկին չի հաջողվի պատասխանատվությունից խուսափել: Դա բացառված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի արկածախնդրության 2 փորձը, որ կատարվել են 2011-ին եւ 2016-ի ապրիլին հողեր հանձնելու շուրջ, չեն ներվի ո՛չ նրան, ո՛չ ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներին: Փոստանջյանը շեշտեց, որ հենց ղարաբաղյան հիմնախնդրի ենթատեքստում է պետք դիտարկել Նիկոլ Փաշինյանի՝ շնչակտուր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անցյալ տարվա ձգտումը: «Հանրությունը ընտրությունների էր պատրաստվում, որոնք պիտի անցկացվեին մայիսին, այլ ոչ թե դեկտեմբերին: Հապշտապ խորհրդարանական ընտրությունները հանգեցրին նրան, որ իշխանություն ձեւավորվեց, որը հիմա հակառակորդի հետ անհասկանալի բանակցությունների է գնում: Մենք հասկանում են, որ բանակցություններ են ընթանում, բայց չենք հասկանում դրանց էությունը եւ բովանդակությունը»,- պարզաբանեց նա:
Կուսակցության նախագահը հավելեց, որ անհասկանալի է մնում՝ արդյոք Հայաստանն ինչ-որ փաստաթուղթ ներկայացրե՞լ է, որեւէ հայեցակարգ ձեւավորվե՞լ է: «Հանրությանն այս մասին հայտնի չէ, իսկ սա ինքնին մտահոգություն է առաջացնում»,- ասաց ընդդիմադիրը:
Նա նշեց, որ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում բախվել են բոլոր միջազգային խաղացողների շահերը՝ Հայաստանը, զսպվածություն դրսեւորելով, միաժամանակ պետք է պատրաստ լինի ամենավատթար սցենարին՝ Ադրբեջանի հարձակմանը: «Մենք պետք է հայեցակարգ ունենանք, թե ինչպիսին են լինելու մեր գործողությունները, եւ ժողովրդին դրան նախապատրաստենք: Մենք արդեն մեր հակառակորդներին շատ բան ենք զիջել: Հաջորդ զիջումը մեզ համար անկախության գինը կունենա»,- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը:





























