Նախիջեւանում ռազմական բազայի ստեղծումը կարող է հակակշիռ ծառայել Հայաստանում ռուսական ռազմական բազային։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքերով, Հարավային Կովկասը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի ազդեցության ներքո, սակայն Թուրքիան նույնպես ձգտել է տարածել իր ազդեցությունն այս տարածաշրջանում։
«Հարավային Կովկասը գտնվում է Անկարայի եւ Մոսկվայի ուշադրության կենտրոնում։ Եթե հարցին նայենք քաղաքական տեսանկյունից՝ լայն, ապա պարզ կդառնա, որ Նախիջեւանի հանդեպ Թուրքիայի հետաքրքրությունը աճում է։ Դա արտահայտվում է Ադրբեջանի հետ հաճախ ռազմական վարժանքներ անցկացնելով, ինչպես նաեւ անկլավ բարձրաստիճան թուրքական սպաների անընդհատ այցերով»,- ընդգծեց նա։
Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ տեղեկատվությունը սահմանափակվում է միայն թուրքական թերթերում հոդվածով, թե թուրքական ղեկավարության բարձր շրջանակներում վերջին ժամանակներս ակտիվ խոսակցություններ կան Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական երրորդ բազայի ստեղծման մասին, որը կտեղակայվի Նախիջեւանի տարածքում։
Նրա խոսքերով, տեղեկատվությունը սրանով սահմանափակվում է։ «Այն, թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը եւ կատարվում են արդյոք նախապատրաստական աշխատանքներ, պետք է պարզեն մասնագետները՝ ուսումնասիրելով հետախուզական տվյալների արդյունքները»,- հավելեց փորձագետը։
Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ կա նաեւ, այսպես կոչված, «Ազգային ուխտի» թուրքական քարտեզ, որը 1924թ․ պաշտոնապես ընդունվել է թուրքական իշխանությունների կողմից, եւ որում Նախիջեւանը Թուրքական պետության կազմում է։
Այն հարցին՝ կարող է արդյոք նման բազայի ստեղծումը որոշակի դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, նա պատասխանեց, որ Նախիջեւանում ռազմական բազան չի օգտագործվի այդ նպատակներով, այն կծառայի միայն որպես հակակշիռ Հայաստանում ռուսական ռազմաբազային։
Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ տեսական առումով թուրքական գեոպոլիտիկ միտքը միշտ Հարավային Կովկասը դիտարկել է որպես իր ազդեցության ոլորտ։
«Սակայն խոսել այն մասին, թե Թուրքիան պատրաստվում է մոտ ապագայում բազա կառուցել, չի կարելի, քանի որ Անկարան այժմ ավելի շատ զբաղված է Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքում այլ տարածաշրջանների հարցերով»,- ամփոփեց նա։





























