Երբ Էմիլի Էդվարդսը դեռ երեխա էր, ոգեւորվել էր «Ուղերձ շշում» ֆիլմով եւ որոշել ծովը նամակ գցել՝ չկասկածելով անգամ, որ իր պատմությունն էլ կինոնկարի սցենարի արժանի ավարտ կունենա՝ հայտնում է ladbible.com-ը։

2001թ․ Էմիլին ծնողների հետ հանգստանում էր Հյուսիսային Ուելսում գտնվող Ռիլ առողջարանային քաղաքում։ Այնտեղ էլ նա իրականացրել էր իր մտադրությունը՝ նամակով շիշը նետելով ծովը։ Նամակում նա նշել էր նաեւ իր հասցեն։ Աղջիկը որոշ ժամանակ սպասել էր պատասխանի, սակայն այդպես էլ չէր ստացել այն։ Եւ նա երկար տարիներ մոռացել էր դրա մասին։ Սակայն 17 տարի անց Էմիլիի ուղերձը վերադարձել է իրեն։

Նամակը գտել է Սեմ Հեմոնդը ուելսյան Նեֆին քաղաքում, որը հարյուր կիլոմետր է հեռու այն վայրից, որտեղ գցել էր Էմիլին։ Հեմոնդը զբոսնելիս է եղել ծովափին, եւ նրա ուշադրությունը գրավել է տարօրինակ մի շիշ։ Տղան չի դիմացել եւ բացել է այն՝ տեսնելով ջրից համարյա լվացված տառեր։ Նա եւ իր մայրը՝ Սյուն, որոշել են գտնել ուղարկողին, եւ գտածոյի մասին գրել են Facebook-ում։

Գրառումն արագ տարածվել է։ Արդյունքում Էմիլիի ընկերներից մեկը նրան ցույց է տվել գրառման «սքրինշոթը», եւ աղջիկն ուղղակի ցնցվել է։ Սկզբում նա մտածել է, որ դա չի կարող ճշմարտություն լինել եւ ավելի շատ ցնորքի է նման, սակայն տեսել է ծանոթ ձեռագիրը։ Աղջիկը կապ է հաստատել Սյուի հետ, որպեսզի շնորհակալություն հայտնի եւ վերցնի շիշը։