Չիկագոյի բնակչուհի Քենդիս Փեյնը որոշել է սառնամանիքների ժամանակ օգնել անօթեւաններին՝ վարձելով հյուրանոցային համարներ։ Կամավորների օգնությամբ նրան հաջողվել է 80 մարդու համար 60 սենյակ վարձել՝ գրում է CBS News-ը։
Վերջին օրերին ուժեղ ցրտերի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 20 մարդ է մահացել, հարյուրավոր մարդիկ սառցահարումներով ընկել են հիվանդանոցներ։ Լսելով սառցե ցիկլոնի մասին լուրը՝ Քենդիսը գիտակցել է, որ անօթեւանների համար շատ ծանր կլինի։ Նա իր բանկային քարտից գումար է հանել եւ 20 հյուրանոցային համար ամրագրել։ Նա նաեւ այդ մասին սոցցանցերում գրառումներ է կատարել, որի հետեւանքով նրա նախաձեռնությունը վերածվել է մեծ բարի գործի՝ ուրիշ մարդիկ եւս օգնելու պատրաստակամություն են հայտնել, ոմանք նվիրատվություններ եւ մթերք են ուղարկել։
Քենդիսն ու կամավորները ոչ միայն վճարել են սենյակների համար, այլեւ իրենք էլ 3 օր այնտեղ են մնացել եւ շարունակել օգնել անօթեւաններին։ CBS-ը գրում է, որ կամավորներիը, ում միավորել է Փեյնի գաղափարը, մտադիր են շարունակել օգնել մարդկանց։



























