Բելգիայում գահից հրաժարված Ալբերտ II թագավորը չի համաձայնվել հայրության թեստ անցնել, հաղորդում է Euronews-ը:
Փաստաբանը պարզաբանել է, որ նախկին միապետը բողոք կներկայացնի 2018 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին Բելգիայի Վերաքննիչ դատարանի արված երկու վճիռների վերաբերյալ, որոնք պարտադրում են նրան անցնել թեստը:
Գենետիկ փորձաքննության մասին որոշումն ընդունվել էր Ալբերտ II-ի ենթադրյալ արտամուսնական դստեր՝ Դելֆինա Բոելի պահանջով: 50-ամյա նկարչուհին թեստը պահանջում է 2013 թվականից առ այսօր: Ըստ բելգիական մամուլի տվյալների՝ նա Ալբերտի (դեռեւս արքայազն) եւ բարոնուհի Սիբիլլ դը Սելիս Լոնգշամի սիրո պտուղն է: Նրանց սիրավեպը տեւել էր 16 տարի, սակայն 83-ամյա Ալբերտ II-ն առ այսօր հրաժարվում է խոստովանել այդ կապը: Դելֆինա Բոելն իմացել էր մոր սիրավեպի մասին միայն 18 տարեկանում. այդ ընթացքում նրա հայրը համարվում էր բարոնուհու նախկին ամուսինը՝ խոշոր արդյունաբերող Ժակ Բոելը: Գործընթացի առաջին փուլում դատարանը վիճարկել էր նրա հայրությունը:
Եթե արդարադատությունը ճանաչի Դելֆինա Բոելի իրավացիությունը, ապա նա կհավակնի տիտղոսի եւ մի շարք այլ թագավորական արտոնությունների:



























