XV դարի վերջում Ամերիկայի գաղութացումը մեր մոլորակում անուղղակիորեն կլիմայական փոփոխություններ է առաջացրել: Այդ ժամանակ այնքան մարդ էր զոհվել, որ անտառների վերականգնման արդյունքում ջերմոցային գազերի հոսքը դեպի մթնոլորտ կտրուկ կրճատվել էր:
Այդպիսի եզրակացության են հանգել Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտականները, գրում է BBC Ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Quaternary Science Reviews պարբերականի հոդվածը:
Նրանք պնդում են, որ կենտրոնական եւ հարավային Ամերիկա իսպանացիների ժամանումից հետո այնտեղ դատարկվել էին հսկայական գյուղատնտեսական արոտավայրեր, որոնք արագորեն վերածվել էին անտառների:
Արդյունքում մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը սկսել էր կրճատվել, ինչը հանգեցրել էր կլիմայի սառեցմանն ամբողջ մոլորակի մասշտաբով:
Սառեցումն արձանագրվել էր մի շարք գրավոր աղբյուրներում Եվրոպայում, որտեղ XV դարի վերջում գրանցվել էր «սառցե կարճ դարաշրջան»: Այդ ժամանակ ամեն ձմեռ Հոլանդիայի ջրանցնքերը սառույցով էին ծածկվում, Լոնդոնում Թեմզան նույնպես սառում էր, իսկ արեւելյան Եվրոպայում անբերքատվություն էր եւ սով:
«Ամերիկայում տեղաբնակ ժողովուրդների վերացումը հանգեցրել էր վարելահողերի դատարկմանը, որի արդյունքում այնտեղ ավելացել էր անտառների մակերեսն ու մեծացել ածխաթթու գազի կլանումը, ինչն իր հերթին զգալի ազդեցություն էր թողել գլոբալ ջերմաստիճանի վրա»,-գրում են Ալեքսանդր Կոխն ու նրա գործընկերները:



























