Տեղի չի ունեցել հանդիպում կուսակցության ու գործադիր մարմնի միջեւ, տեղի է ունեցել հանդիպում օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների միջեւ: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով շաբաթ օրը Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության եւ կառավարության անդամների ու մարզպետների միջեւ անցկացված փակ քննարկման մասին։

«Խմբակցությունն իր գործառույթների շրջանակում հրավիրել է գործադիր մարմնին, քննարկել է որոշակի իրադարձություններ վերջին շրջանում, այդ թվում` վարչապետի կատարած այցերը»,–շեշտեց նա:

Մակունցը հավելեց, որ մյուս խմբակցությունները եւս կօգտվեն այդ հնարավորությունից.  «Վստահ եմ, որ իմ գործընկերները նույնպես հետագայում օգտվելու են այդ գործիքից, պարբերաբար հանդիպումներ ունենալու ենք գործադիրի հետ եւ դա չի նշանակում, որ սա կուսակցական հանդիպում է»:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ազգային ժողովի շենքում փակ հանդիպում է անցկացվել «Իմ քայլը» խմբակցության անդամների, կառավարության անդամների եւ մարզպետների միջեւ։