Գերմանիայի եւ Ճապոնիայի ղեկավարները հայտարարել են, որ հավատարիմ են ազատ առեւտրին այն դեպքում, երբ բազմակողմանիությունը, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի խոսքով, խափանվում է «պղտոր ջրերով», հաղորդում է AFP-ը։

Խոսելով վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման մասին՝ Մերկելը նշել է, որ այն կայացել է «երկու ազգային առաջնորդների միջեւ, որոնք ցանկանում են միասին աշխատել»։

Նա հավելել է, որ փետրվարի 1-ը, երբ ուժի մեջ է մտել ԵՄ-ի եւ Ճապոնիայի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը, «հատուկ օր» է դարձել, որը «ցույց է տվել, որ մենք պատրաստ ենք համաձայնագրեր կնքել, անգամ եթե բազմակողմ համաձայնագրերն ինչ-որ չափով խափանում են պղտոր ջրերը»։

Համաձայնագիրը ամենախոշոր երկկողմ առեւտրային պայմանագիրն է, որը երբեւէ կնքվել է, այն ընդգրկում է ավելի քան 630 մլն մարդ եւ համաշխարհային համախառն ներքին արդյունքի գրեթե մեկ երրորդը։

Մերկելը նաեւ ընդգծել է «արդարության» ու «փոխադարձության» կարեւորությունն առեւտրային հարաբերություններում։

Աբեն իր կողմից ասել է, որ երկու երկրները «սերտորեն կհամագործակցեն ազատ եւ բաց տնտեսական համակարգի ամրապնդման գործում»։