Ամենաողջամիտ տարբերակն Արշալույսի համայնքի ղեկավարի հրաժարականն է, քանի որ բնակիչների մեծ մասը դժգոհ է եւ պահանջում է նրա հրաժարականը։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։
«Բազմիցս քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ, բացատրել եմ՝ որոնք են ողջամիտ տարբերակները։ Ամենաողջամիտ տարբերակը գյուղապետի հրաժարականի դիմումն է։ Գյուղացիները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել, մարզպետարանին եւ Կառավարությանը ներկայացրել են դրանք։ Հավաքվել է 730-ից ավելի ստորագրություն, ինչը վերջին ընտրությունների ընտրողների մեծ մասն է կազմում»,- ասաց մարզպետը։
Նշենք, որ Արշալույսի բնակիչներն արդեն մի քանի ամիս է՝ բողոքի ակցիաներ են կազմակերպում եւ պահանջում են համայնքի ղեկավար, Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը։ NEWS.am-ը փորձեց ճշտել նաեւ Զարզանդ Գրիգորյանի կարծիքը բնակիչների պահանջի վերաբերյալ, սակայն, վերջինս հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ պատճառաբանելով, որ զբաղված է։





























