Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարեւորել է ՎԶԵԲ-ի նման գործընկերոջ հետ համագործակցության զարգացումն եւ ողջունել Բանկի կողմից հատկապես մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը:

Մատտեո Պատրոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ գնահատանքի բարի խոսքերի համար, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որոնցով կարող է ընդլայնվել Հայաստանի հետ համագործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության միջնաժամկետ համագործակցության ծրագրի առաջնայնությունների շուրջ: Երկուստեք կարեւորվել են ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման, էներգաարդյունավետության եւ էներգախնայողության ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ՎԶԵԲ աջակցությամբ կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերի իրականացումը Հայաստանում, ինչը մեծապես կնպաստի ներդրումային բարենպաստ միջավայրի կայացմանը: