Կադրային քաղաքականության հարցում Նիկոլ Փաշինյանի մոտեցումը մնացել է նույնը, ինչ 7-8 ամիս առաջ էր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
«Այն ոլորտները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, որոնք պատասխանատու են ֆինանսական կայունության, ֆինանսաբյուջետային հոսքերի վերահսկման համար եւ անվտսնագության համար, այդ ոլորտները վստահվեցին մարդկանց, որոնք ոչ թե հեղափոխության մասնակիցներ էին, այլ մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ եւ պրոֆեսիոնալներ էին»,–նշեց նա։
Քաղաքագետը պարզաբանեց՝ նկատի ունի ՊԵԿ–ը, Ֆինանսների նախարարությունը, ԿԲ–ն, անվտանգության եւ պաշտպանության համակարգը. «Այս ոլորտները հեղեղված չեն անփորձ կադրերով, այսինքն Նիկոլ Փաշինյանի համար էքսպերիմենտից դուրս ոլորտներ են»։
Նրա կարծիքով՝ սա բավականին արդարացված մոտեցում է եւ քիչ ռիսկային. «Մնացած ոլորտներում, որոնք օպերատիվ առումով խնդիրներ չունեին, ղեկավար նշանակվեցին մարդիկ, որոնք անփորձ էին եւ այդ ոլորտները փաստացի դարձան էքսպերիմենտալ զոնա»։
Քաղաքագետը նշում է՝ կառավարություն ձեւավորելիս Նիկոլ Փաշինյանը փորձել է բավարարել հեղափոխությանը մասնակցած բոլորի պահանջները, որոնք ինչ–որ չափով մասնաբաժին են ունեցել հեղափոխության մեջ. «Իսկ նրանք շատ բազմազան են եղել՝ թե՛ ՔՊ–ականններ, թե՛ հանրային սեկտորի ներկայայացուցիչներ՝ հիմնականում Սորոսի հիմնադրամից, նաեւ Քլինթոնի հիմնադրամից ֆինանսավորողվներ»։
Հիմա, նրա դիտարկմամբ, լուրջ պայքար է սկսում իշխանության ներսում տարբեր ազդեցության խմբավորումների միջեւ. «Այս առանձնակի ուշադրությունը, օրինակ, ՊԵԿ–ի եւ Ֆինասների նախարարության նկատմամբ պայմանավորված են նրանով, որ սորոսածին որոշ խմբավորումներ փորձում են վերահսկողության տակ պահել այն ոլորտները, որոնք ֆինանսական հոսքերն են ապահովում, անվտանգության խնդիրներն են կարգավորում»։
Քաղաքագետը կարծում է, որ սա միայն սկիզբն է, «հատկապես եթե մի քանի օր առաջ նույն Սորոսն էր ստիպված հանդես գալ թվիթերյան գրառմամբ»։





























