Այսօր Հայաստանի իշխանությունները մերժում են Ադրբեջանի ձգտումը՝ բանակցություններ վարել այն մասին, թե ինչ պետք է քննարկվի բանակցություններից հետո, այլ ոչ թե դրանց շրջանակում: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին  հայտարարեց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ գլխավոր խնդիրներից մեկը միշտ եղել է այն, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, բանակցություններին հստակ բանաձեւ եւ հստակ նպատակներ չի ներկայացրել:

«Ադրբեջանական կողմը հակամարտությունը ներկայացնում է որպես հայկական զինված ուժերի ագրեսիայի հետեւանք, որը հանգեցրել է տարածքի 20 տոկոսի կորստին եւ միլիոնավոր փախստականների:

Հայաստանն էլ միշտ նշել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին՝ ոչ մի բանաձեւ չառաջարկելով, մինչդեռ պետք է հասկանալ, որ բանակցությունների ժամանակ զիջումների մասին է քննարկվելու եւ հակառակ կողմն ավելի շատ զիջումներ է պահանջելու, քան դու ի սկզբանե առաջարկում ես:

Իսկ հիմա,երբ Հայաստանը մերժում է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը, նրանց մոտ հարց է ծագում՝ արդյոք Փաշինյանը չի ձգտում հրաժարվել բանակցություններից», - նշեց Իգիթյանը:

Պատասխանելով Մադրիդյան սկզբունքների արդիականության մասին հարցին՝ Իգիթյանը նշեց, որ այդ սկզբունքների մասին խոսում են միայն Հայաստանում եւ միայն լրագրողները:

«Ադրբեջանն, ըստ էության հրաժարվել է այդ սկզբունքներից՝ 2016 թվականին ռազմական գործողություններ սանձազերծելով եւ խախտելով խաղաղության սկզբունքը: Մինչ այդ դիվանագիտական մակարդակում հստակ պատկերացում էր ստեղծվել, որ Մադրիդյան սկզբունքները անիրականանալի են: Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումները հենց ուղղված են անհրաժեշտ հիմք եւ մթնոլորտ ստեղծելուն, որը թույլ կտա կազմակերպել բանակցությունները: Դրան է ծառայել նաեւ Վիեննայի համաձայնագիրը», - ասաց Իգիթյանը:

Նա հավելեց, որ Ղարաբաղի շրջակա տարածքների կարգավիճակի հարցը կարգավորված է ԼՂՀ Սահմանադրությամբ, եւ դա չի կարելի միակողմանի իրավական ակտ համարել: «Ընդ որում պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանի Սահմանադրությամբ Ղարաբաղը անկախ կարգավիճակ չի ստացել, անգամ այնպիսի, ինչպիսին ուներ ԽՍՀՄ-ի կազմում: Այս իմաստով կարելի է խոսել հավասարության մասին», - բացատրեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում՝ ի պատասխան  ՀՀ վարչապետի մեկնաբանությանն այն մասին, որ «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձեւն անգամ չի կարող քննարկվել, նշվել էր.

«Պարոն Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող ղարաբաղյան համակարտության կարգավորման բանակցությունների հիմքում  Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումն է ընկած: Այս դեպքում հարց է ծագում՝ արդյոք Փաշինյանի այս դիրքորոշումը բանակցություններից հրաժարվել չի նշանակում»: