Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հավաստիացրել է, որ երկրում արտահերթ ընտրություններ չեն նախատեսվում։ Ինչպես հայտնում է Nur.kz-ը, Նազարբաեւը խորհուրդ է տվել կարդալ Սահմանադրությունը, որտեղ նկարագրված են բոլոր գործընթացներն ու ժամկետները։

«Օրինակ, սահմանադրության մեջ նշված չեն նախագահի փոփոխման պայմաններ, ինչպես նաեւ՝ նախատեսված չեն նրա ինքնակամ հրաժարականի դեպքեր։ Աշխարհի բոլոր սահմանդրություններում նման նորմեր կան։ Այս գործոնների մեծ արդիականության հետ կապված՝ ես խնդրել եմ Սահմանադրական խորհրդին պարզաբանել տվյալ դրույթները։

Այսօր հասարակությանը հետաքրքրում է ընտրությունների հարցը։ Սակայն չարժի խառնաշփոթ առաջացնել այս թեմայի շուրջը։ Երկրի Սահմանադրության մեջ, «Ղազախստանի Հանրապետության նախագահի մասին» սահմանադրական օրենքի մեջ հստակ գրված են ընտրությունների անցկացման կարգն ու ժամանակը, իրավասությունների ավարտի ժամկետները։

Սահմանադրության շրջանակներում նախագահն իրավունք ունի արտահերթ ընտրություններ հայտարարել, սակայն նման բան չի նախատեսվում։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պահպանել հանգստություն եւ շարունակել զբաղվել ամենօրյա գործունեությամբ»,- ասել է Նազարբաեւը։