2020թ. հանրային այցելությունների համար կբացվի Արգելված քաղաքի մի մասը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Lonely Planet-ին։
Արգելված քաղաքն աշխարհում ամենամեծ պալատական համալիրն է։ Հինգ դար՝ 1420 թվականից սկսած, այնտեղ ապրել է կայսերական ընտանիքը։
Հուշարձանների համաշխարհային ֆոնդը հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքների ավարտից անմիջապես հետո զբոսաշրջիկները կկարողանան լինել Ցյանլուն այգում, որը կառուցվել է 1776թ.։ Կբացվեն նաեւ երեք առանձին դահլիճներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է Արգելված քաղաքի անցյալին ու ներկային ծանոթանալու համար։
Հուշարձանների համաշխարհային ֆոնդի տվյալների համաձայն՝ բացվող շենքերի ձեւավորումն ու կահույքը համապատասխանում են հին ոճին, որն ընդունված է համարել ամենահամարձակներից ու արտասովորներից մեկը Չինաստանի ինտերիերների պատմության մեջ։ Կբացվեն նաեւ գլխավոր սրահը, քարե ծաղկանոցը եւ ցուցասրահները, որոնց նմուշները կպատմեն Ցյանլուն այգու կառուցման մասին։
Ենթադրվում է, որ առաջին այցելուները կկարողանան Արգելված քաղաքի մի մասը տեսնել հաջորդ տարի՝ նրա 600-ամյակի տոնակատարության ժամանակ։




























