«ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը եւ Ռուսաստանի միջազգային գործերի խորհուրդը (ՌՄԳԽ) փետրվարի 6-ին Երեւանում, բանավիճային ֆորումի շրջանակներում, կլոր սեղան են անցկացրել՝ նվիրված հայ-ռուսական հարաբերությունների զարգացման դինամիկային։

Ռուսաստանի եւ Հայաստանի առաջատար փորձագետները քննարկել են առավել հրատապ թեմաները՝ կապված ինչպես երկկողմանի, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների հետ։

Ռուսական եւ հայկական պետական ինստիտուտների ու իշխանության ճյուղերի ներկայացուցիչներն իրենց կարծիքն են հայտնել, կանխատեսումներ ներկայացրել Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հասարակական-քաղաքական երկխոսության ապագայի վերաբերյալ։

Իսկ գիտաժողովի մասնակիցները լսել ու քննարկել են Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոռեկտոր, պատմագիտության դոկտոր Եվգենի Կաժոկինի զեկուցումը Եվրոպայում միգրացիոն գործընթացների եւ անվտանգության արդի մարտահրավերների մասին։