Գիտական բազային ֆինանսավորման մասին ՀՀ Կառավարության այսօրվա որոշումը բողոքի դուրս եկած գիտաշխատողների պահանջներից մեկի առումով բավարար է, երկրորդ և երրորդ կետերի մասով՝ հուսադրող։ Այսօր՝ փետրվարի 6-ին, այս մասին NEWS.am-ի զրույցում նշեց գիտաշխատողների բողոքի ակցիայի մասնակիցներից ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող Հայկ Զաքարյանը։

Ըստ նրա՝ Կառավարության օրակարգում այսօր ընդգրկված 1515–Ն որոշումը՝ 2–րդ ենթակետի փոփոխությամբ բավարարվեց գիտնականների առաջին պահանջը։  Նա նշեց, որ թեպետ կառավարության որոշումն իրենց նամակում նշված երեք պահանջներից առաջինին բավարարում է, սակայն հույս ունեն, որ այսուհետ գիտությանը վերաբերող նախագծերը նախ կներկայացվեն իրենց, քննարկման օր կնշանակեն, կհանդիպեն գիտական համայնքի ներկայացուցիչների հետ և իրենց խոսքը հաշվի առնելուց հետո միայն կկայացնեն որոշումներ։

Այն դիտարկմանը, որ վարչապետն էլ նշել է գիտություն–պետություն սերտ և փոխշահավետ համագործակցության մասին՝ Հայկ Զաքարյանն արձագանքեց. «Դա այն է, ինչ պետք է։ Սակայն գիտության մասին ներկայացված վիճակն, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը»։ Ըստ Զաքարյանի՝ կառավարության նիստում հնչած մեկնաբանությունները մտահոգիչ էին։ «Կա գիտություն, և այն աշխատում է, զարգանում է։ Առավել մեծ ֆինանսական ներդրումների պարագայում, առավել արագ կզարգանա»,– ասաց նա։

Վարչապետի նշած՝ արդյունքահենության չափելիության մասին հարցին ի պատասխան՝ գիտնականն ասաց, որ հնարավոր չէ կարճաժամկետ չափորոշիչներով գնահատել աշխատանքը գիտության ամենատարբեր ոլորտներում։ Ըստ նրա, շատ ոլորտներում պետության կարիքները սպասարկելուն կարող է ուղղվել հայկական գիտական ներուժը, սակայն «գիտության ամեն ձեռքբերում չէ, որ կիրառական նշանակություն կարող է ունենալ»։ «Արդյունքը չափելը շատ դժվար է. տիեզերքի մասին հիանալի, գեղեցկագույն հոդված կարող է լինել։ Եթե մենք ամեն ինչ միայն կիրառականով դիտարկենք, հիմնարար գիտության համար կարող է կործանարար լինել»,– նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ–ի և այլ բուհերի տասնյակ գիտաշխատողներ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցով իրենց դժգոհությունն են հայտնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը մրցութային կարգով տրամադրելու կապակցությամբ։

Ցուցարարները նամակ են հանձնել կառավարությանը՝ պահանջելով կասեցնել նշված որոշումը, գիտության ֆինանսավորման հետ կապված հարցերով կազմակերպել քննարկում իրենց հետ, և նախքան գիտության ոլորտի վերաբերյալ որոշումներ կայացնելը՝ հաշվի նստել ոլորտի մասնագետների հետ։ Գիտնականներին հրավիրել են կառավարության ընդունարան՝ հանդիպման։