Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն վերադարձել է երկիրը Մախարլիկայի հանրապետություն վերանվանելու գաղափարին, որն առաջարկում էր 1986-ին պաշտոնանկ արված Ֆերդինանդ Մարկոսը, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Manila Bulletin թերթին։

«Մարկոսը ճիշտ էր»,- ասել է Դուտերտեն՝ ընդգծելով, որ վերանվանումից այն ժամանակ ստիպված էին հրաժարվել միայն այն պատճառով, որ Մարկոսին դիկտատոր էին անվանում։

Նախագահը համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ Ֆիլիպինները կհրաժարվի այդ անվանումից, որը երկրին պարտադրվել էր 16-րդ դարում կղզին զավթած իսպանացիների կողմից։

«Այդ շան տղերքը եկել են այստեղ, սպանել մեզ ու ստրկացրել, այնպես որ՝ ավելի քան 400 տարի մեր մալայական արմատները դանդաղ վերացել են... Բայց ոչինչ, երբեւէ կփոխենք դա»,- ասել է Դուտերտեն։

Ավելի ուշ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սալվադոր Պանելոն Դուտերտեի խոսքերն անվանել է «ազգային ինքնության հաստատում»։ Պանելոն նշել է, որ, համաձայն Ֆիլիպինների սահմանադրության, երկրի անվան փոփոխության որոշումը պետք է ընդունի խորհրդարանը։

«Մախարլիկա» բառով Ֆիլիպինյան արշիպելագի կղզիների ֆեոդալական հասարակությունում, մինչեւ իսպանացիների հայտնվելը, անվանում էին ազնվականության ցածր դասին պատկանող ռազմիկների խավը։ Մարկոսը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կռվում էր Ֆիլիպինները զավթած ճապոնացիների դեմ, «մախարլիկա» բառը դարձրեց իր գլխավորած պարտիզանների ջոկատի անունը եւ իր մականունը։ Նախագահ, իսկ հետո նաեւ՝ Ֆիլիպինների դիկտատորը դառնալով, Մարկոսը հանդես էր գալիս երկիրը Մախարլիկա վերանվանելու օգտին։