Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված բրիտանական ամենամյա կինոփառատոնի ոչ պաշտոնական բացումը տեղի կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում»։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց կենտրոնի մամուլի ծառայության պատասխանատու Աննա Սիմոնյանը:
Նրա խոսքով, կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի 5 կարճամետրաժ ֆիլմ։ «Դրանք բրիտանացի ժամանակակից ռեժիսորների կողմից ստեղծված սոցիալական բնութի ֆիլմներ են, արդիական հարցեր են բարձրացնում, դրանցից մեկն, օրինակ, պատմում է մեծ Բրիտանիայում բնակվող մի երիտասարդ ներգաղթյալի մասին։ Ընդ որում, ֆիլմերից ամենակարճի տեւողությունը 6, ամենաերկարինը՝ 20 րոպե է։ Այդ է պատճառը, որ բոլոր կինոնկարները կցուցադրվեն մեկ օրում՝ մարտի 3-ին՝ ժամը 19։30-ին»,- բացատրեց Սիմոնյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ մուտքն ազատ է, պարզապես տեղերը պետք է ամրագրել նախօրոք։
Նշենք, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ Բրիտանական խորհրդի կողմից արդեն մի քանի տարի կազմակերպվող ամենամյա կինոփառատոնի պաշտոնական բացումը Երեւանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա մարտի 8-ին։


























