Գյումրիում վրացական համարանիշով ավտոմեքենաների վարորդներին չի բավարարում կառավարության փետրվարի 24-ի որոշումը, որով նման մեքենաների վարորդներին հնարավորություն է տրվել օգտվել անտոկոս վարկային ծրագրից:
Այս կերպ կառավարությունը լուծում է տվել վարորդների շուրջ 18- օրյա պայքարին: Ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 300 միլիոն դրամ: Սակայն վարորդները Գյումրիում հրաժարվում են օգտվել այդ վարկերից, նշելով, որ «կառավարությունն այսկերպ լավություն չի անում, այլ հերթական պարտադրանքն է թելադրում»:
Նշենք , որ անտոկոս վարկերի տրամադրաման հարցով զբաղվում են մարզպետարանները: Այսօրվանից արդեն մեկնարկել է փաստաթղթերի ներկայացման գործընթացը: Կառույցում համոզում ու բացատրում են` «կառավարության որոշումը ավելի քան ձեռնտու է եւ բխում է վարորդների շահերից: Վարկը տրամադրվում է 6 ամիս ժամկետով»,- նշում է մարզի քաղաքաշինության վարչության պետը:
Սակայն ավտովարորդների համոզմամբ, լուծում է առաջարկվել առանց ավտովարորդների կարծիքն ու շահը հաշվի առնելու: «Հնարավոր չէ 6 ամսում գումարները վերադարձնել: Սոցիալական պայմանները հնարավորություն չեն տալիս օգտվել կառավարության գայթակղիչ առաջարկից»,- դժգոհում են վարորդները Գյումրիում ու տեղեկացնում, որ շուտով վերսկսելու են բողոքի ավտոերթերը:


























