Կրթության եւ գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստում ամբողջովին կամ մասնակի կասեցվել են մի շարք ոչ պետական բուհերի լիցենզիաների գործողությունը:
Փետրվարի 24-ին կայացած այդ նիստում քննարկվել են ոչ պետական 24 բուհերի լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ստուգումների արդյունքները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի փակ գաղտնի քվեարկությամբ կայացված որոշման հիմքով ՀՀ կրթության եւ գիտության նախարարի համապատասխան հրամաններով.
Ամբողջովին կասեցվել են`«Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայի» եւ Հայաստանում «Գերմանական համալսարանի» լիցենզիաների գործողությունը:
Մասնակի կասեցվել են`
«ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարանի» լիցենզիայի գործողությունը` մագիստրոսի որակավորման աստիճանով, առկա ուսուցմամբ, «Տնտեսագիտություն», «Իրավագիտություն», «Լրագրություն», «Օտար լեզու եւ գրականություն» մասնագիտությունների մասով,
Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի» լիցենզիայի գործողությունը` բակալավրի եւ մագիստրոսի որակավորման աստիճաններով, առկա ուսուցմամբ, «Կիրառական մաթեմատիկա» եւ «Աշխարհագրություն» մասնագիտությունների մասով.
Դադարեցվել է`
Երեւանի «Ալաշկերտ» համալսարանի» լիցենզիայի գործողությունը:
Հանձնաժողովը ի գիտություն է ընդունել.
«Ռոսլին» արվեստի ինստիտուտի» եւ «Երեւանի Լորիս Քալաշյանի անվան բաց համալսարանի» միացումը «Հայբուսակ» համալսարանին»:
Մի շարք ԲՈՒՀ-երի տրվել է նախազգուշացում ստուգման արդյունքում արձանագրված շտկելի խախտումները վերացնելու եւ արդյունքների մասին հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն ներկայացնելու համար:


























