Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պայմանավորվել են ամերիկա-հյուսիսկորեական երկրորդ գագաթաժողովի հաջող անցկացումն ապահովող միջոցների համակարգման շուրջ։ Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել փետրվարի 14-ին Վարշավայում, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Մերձավոր Արեւելքի շուրջ նախարարական հանդիպման շրջանակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով հարավկորեական ԱԳՆ-ին։

Պոմպեոն բանակցությունների ժամանակ նշել է, որ ամերիկյան կողմը կգործադրի առավելագույն ջանքեր, որպեսզի ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների երկրորդ հանդիպումը հաջող անցնի։ Կան Գյոն Հվան խոստացել է ցուցաբերել ցանկացած աջակցություն։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են այնպիսի հարցերի, որոնք վերաբերել են Հյուսիսային Կորեայի կոնկրետ քայլերին միջուկազերծման ուղղությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ պատասխան քայլերին։

Երկու երկրների ղեկավարների առաջին գագաթաժողովը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում։ Դրա արդյունքներով Դոնալդ Թրամփը եւ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը ընդունեցին համատեղ հայտարարություն։ Փհենյանը հայտարարեց, որ պատրաստ է  լիակատար միջուկազերծման, իսկ Վաշինգտոնը խոստացավ ի պատասխան Հյուսիսային Կորեային տրամադրել անվտանգության երաշխիքներ։

Անցած շաբաթ Թրամփը հայտարարել է, որ բարձր մակարդակով երկրորդ հանդիպումը տեղի կունենա Հանոյում, փետրվարի 27-28-ին։