Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խստորեն քննադատել է հակասեմական վիրավորանքները, որոնք ուղղված էին Փարիզում հայտնի ժամանակակից հրեա փիլիսոփա Ալեն Ֆինկելկրաութին, հաղորդում է BBC News-ը:

Ոստիկանությունը շտապել է օգնել Ֆինկելկրաութին: Ավելի ուշ Le Parisien թերթին տված հարցազրույցում 69-ամյա ակադեմիկոսը պատմել է, որ նրա վրա հարձակված «դեղին բաճկոնավորներն» անվանում էին նրան «կեղտոտ սիոնիստ» եւ հայտարարում, որ նա պետք է նետվի ջրանցքը: Իսկ Journal du Dimanche  թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ այդ պահին զգում էր «բացարձակ ատելություն» իր հանդեպ մինչեւ ոստիկանության միջամտությունը:

Մակրոնն անվանել է տեղի ունեցածն այն ամենի «բացարձակ ժխտում», ինչը Ֆրանսիան դարձրել է հզոր երկիր, եւ դա չպետք է խրախուսվի:

Հայտնի է, որ Ֆինկելկրաութը սատարում էր «դեղին բաճկոնավորների» շարժումը, սակայն նաեւ քննադատում էր նրանց: Նա պատմել է, որ Մակրոնը զանգահարել էր նրան իր աջակցությունը հայտնելու նպատակով:

Նախօրեին ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնավորների» նկատմամբ, որոնք կրկին դուրս էին եկել Փարիզի փողոցներ: