Երեւանի հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում թատրոններ եւ թանգարաններ հաճախելու ավանդույթը վերականգնվում է:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 1-ից Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ մեկնարկել է հանրակրթական դպրոցների աշակերտների թատրոններ եւ թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության եւ մշակույթի վարչությունների, մայրաքաղաքի թատրոնների տնօրենների եւ գեղարվեստական ղեկավարների համատեղ քննարկման արդյունքում կազմվել է ինչպես ուսումնական ծրագրերի համապատասխան ներկայացումների խաղացանկը, այնպես էլ հստակ ժամանակացույց, որի համաձայն քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցների ավելի քան 80 հազար 300 աշակերտ այս ուսումնական տարում (մարտի 1–ից մինչեւ մայիսի 15–ը ներառյալ) հնարավորություն կունենա այցելել մայրաքաղաքի 9 թատրոններ։

«Ծրագիրը քննարկվել է դեռեւս հունվարից։ Բոլոր թատրոնների խաղացանկերը ներկայացվել են դպրոցներին եւ, ուսուցչական կոլեկտիվների եւ ծնողների համատեղ քննարկման արդյունքում ընտրվել են ներկայացումները։ Յուրաքանչյուր թատրոնից ընտրվել է երեքական ներկայացում եւ, փաստորեն, կազմված ժամանակցույցի համաձայն, յուրաքանչյուր դպրոց մինչեւ ուսումնական տարեվերջ հնարավորություն ունի դիտելու նշված թատրոնների երեքական ներկայացում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Ծրագրով նախատեսվում է նաեւ դպրոցականների անվճար այցելություններ Երեւան քաղաքի պատմության թանգարան եւ դպրոցականի ֆիլհարմոնիա, որտեղ  աշակերտների համար ճանաչողական եւ խաղ դասեր կկազմակերպվեն։