Սպիտակ տան խորհրդական, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանը քննարկել են Վաշինգտոնի եւ Էր Ռիադի միջեւ համագործակցության ակտիվացումը՝ հայտնում է Reuters-ը։
Էր Ռիադում հանդիպումը առաջինն էր այն բանից հետո, երբ արքայազնը հայտնվել էր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված աղմուկի կենտրոնում։
Քուշներն այցելում է Մերձավոր Արեւելքի երկրներ, որպեսզի իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով Վաշինգտոնի «դարի գործարքի» համար աջակցություն ձեռք բերի։
«Հիմնվելով նախորդ խոսակցությունների վրա՝ նրանք քննարկել են Միացյալ Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի համագործակցության ընդլայնման հարցը եւ իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ խաղաղությանը նպաստելու Թրամփի վարչակազմի ջանքերը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։




























