ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Կոհենը Ներկայացուցիչների պալատի վերհսկողական հանձնաժողովում ցուցմունքներ է տալիս, որոնք կարող են ինտիմ եւ պոտենցիալ սադրիչ մանրամասներ պարունակել Թրամփի բիզնեսի, ինչպես նաեւ 2016թ․ ընտրություններից հետո նրա գործունեության վերաբերյալ՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Իր ելույթի սկզբում Կոհենը խոստացել է օրենսդիրներին փոխանցել փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր խոսքերը։ «Ես ամաչում եմ թուլության եւ այն բանի համար, որ հավատարիմ եմ եղել ոչ այն մարդուն։ Այն բանի համար, ինչ ես արել եմ պարոն Թրամփի համար՝ փորձելով պաշտպանել նրան եւ առաջ տանել նրա շահերը,- հայտարարել է իրավաբանը,- Ես ամաչում եմ, որովհետեւ գիտեմ, թե ով է Թրամփը։ Նա ռասիստ է։ Նա խարդախ է։ Նա ստախոս է»։

Կոհենը պնդում է, որ Թրամփն իմացել է նախընտրական շրջանում Մոսկվայում երկնաքերի կառուցման շուրջ իր ընկերության բանակցությունների մասին, ղեկավարել է այն, իսկ հետագայում ստել դրա վերաբերյալ։

Կոհենի խոսքերով, Թրամփը տեղյակ էր, որ իր նախընտրական շտաբի խորհրդական Ռոջեր Սթոունը կապ է հաստատել WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժի հետ՝ կապված հաքերների կողմից գողացված՝ Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային նամակների հետ։ Կոհենը նաեւ համոզված է, որ Թրամփը չէր ակնկալում հաղթել նախագահական ընտրություններում՝ իր քարոզարշավը համարելով «մարքեթինգային հնարավորություն»։

Իր ելույթում Կոհենը նաեւ մանրամասներ է բացահայտել երկու կանանց՝ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին եւ Playboy-ի մոդել Կառեն Մաքդուգալին իր կողմից կազմակերպված վճարումների մասին։ Կանայք պնդում են, որ ինտիմ հարաբերությունների մեջ են եղել Թրամփի հետ։

Կոհենը հայտարարել է, թե իրեն ուղիղ հայտնի չի եղել Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի միջեւ կապի մասին, սակայն ինքը կասկածներ ունի դրա վերաբերյալ։

Որպես հնարավոր ապացույց, Կոհենը նշել է Թրամփի եւ նրա որդու զրույցը, որին ինքը ներկա է եղել։ Նախկին փաստաբանի խոսքերով, զրույցը «Թրամփի աշտարակ» երկնաքերում մի հանդիպման մասին էր, որին ներկա էին եղել Թրամփ-կրտսերը, նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, նախընտրական շտաբի մենեջեր Փոլ Մանաֆորտը եւ ռուս մի իրավաբան (Նատալյա Վեսելնիցկայա), որ ենթադրաբար կապված էր Կրեմլի հետ։

Նիստից մի քանի ժամ առաջ Թրամփը Twitter-ում գրել է․ «Մայքլ Կոհենը եղել է իմ շահերը պաշտպանող բազմաթիվ փաստաբաններից մեկը (ցավոք)։ Նա վատ բաներ է արել՝ Թրամփի հետ կապ չունեցող»։

Կոհենի ելույթը, 1970-ականներին Ուոթեգեյթյան աղմուկից հետո, ամենաաղմկահարույց դեպքն է, երբ Կոնգրեսում ցուցմունք են տալիս գործող նախագահի դեմ։