ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հինգշաբթի նախատեսված ժամանակից շուտ հեռացել են գագաթաժողովի վայրից՝ Հանոյի հնագույն Sofitel Legend Metropole հյուրանոցից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Վաղաժամ հեռանալու որեւէ պատճառ չի նշվում։ Պաշտոնական ժամանակացույցի համաձայն, որը նախապես հրապարակել էր Սպիտակ տունը, Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը ընդլայնված կազմով բանակցություններից հետո պետք է հանդիպեին աշխատանքային ճաշի շուրջ, իսկ հետո մասնակցեին փաստաթղթերի համատեղ ստորագրմանը։ Դրանից հետո՝ տեղի ժամանակով ժամը 16.00-ին (12.00 Մոսկվայի ժամանակով) Թրամփը պետք է մամուլի ասուլիս հրավիրեր իր հյուրանոցում։

Առանց պատճառների բացատրության աշխատանքային ճաշը չեղարկվեց, իսկ մամուլի ասուլիսը տեղափոխվեց տեղի ժամանակով ժամը 14.00-ին։