Ջամու եւ Քաշմիր նահանգներում Ջամու-Սրինագար մայրուղով առաջավոր ռազմական կայազորների եւ ավիաբազաների ուղղությամբ ռազմական տեխնիկայի եւ ինքնաթիռների լիցքավորման համար վառելիքով բեռնված 500 ավտոցիստերներ են շարժվում, գրում է The Times of India-ն:
Ըստ թերթի տեղեկությունների՝ Հնդկաստանի ՌՕՈՒ-ի ավիահարվածից 6 օր առաջ «Ջաիշ-ե-Մուհամմադ» խմբավորման ճամբարում՝ Քաշմիրի պակիստանյան հատվածում, Ջամու եւ Քաշմիր նահանգների ավիաբազաներ նույնպես վառելիք էր մատակարարվել:
Նյու Դելիի եւ Իսլամաբադի հարաբերությունների լարվածության պատճառ էր դարձել փետրվարի 14-ին Ջամուում եւ Քաշմիրում հարձակումը հնդկական զինվորականների շարասյան վրա, որի հետեւանքով 45 մարդ էր սպանվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Ջաիշ-ե-Մուհամմադ»-ը:
Երեքշաբթի Հնդկաստանը Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի հատվածում այս խմբավորման ճամբարին օդային հարվածներ էր հասցրել: Չորեքշաբթի Պակիստանի ՌՕՈՒ-ն ի պատասխան հարվածել էր Հնդկաստանի ռազմական օբյեկտներին: Դելին եւ Իսլամաբադը հայտարարել էին, օդային մարտի ժամանակ հարվածել են միմյանց ինքնաթիռներին:




























