Բրիտանիայի կառավարությունը ծրագրում է բազմամիլիարդանոց տուգանքներ սահմանել սոցցանցերի համար, եթե դրանք չկարողանան իրենց հարթակները զերծ պահել վնասակար կոնտենտից։

Business Insider-ին տված հարցազրույցում Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների նախարար Մարգո Ջեյմսը հայտարարել է, որ նոր անկախ տեխնոլոգիական կարգավորողը իրենց օգտատերերին պատշաճ կերպով պաշտպանել չկարողացող ընկերություններին, այդ թվում՝ Facebook-ին եւ Google-ին, տուգանելու իրավասություններ կունենա։

Մեծ Բրիտանիայի նախարարները ծրագրում են ստեղծել նոր հզոր տեխնոլոգիական կարգավորիչ, որը կառավարությունից անկախ կլինի։ Այն կորոշի, թե ինչ է իրենից ներկայացնում վնասաբեր կոնտենտը, եւ տուգանքներ կսահմանի այն ընկերությունների հանդեպ, որոնք անտեղի գրառումները հեռացնելու արագ միջոցներ չեն ձեռնարկում։

Նոր եվրոպական օրենքների համաձայն, տեղեկատվական լիազորի գրասենյակը զգալի խախտումների համար կարող է ընկերության տարեկան եկամտի 4 տոկոսի չափով տուգանք սահմանել։

Facebook-ի համար դա կարող է նշանակել 2,2 միլիարդ դոլար՝ 2018թ․ 55,8 միլիարդ դոլար նրա եկամտից։ Google-ի համար՝ 5,4 մլրդ դոլար։