Հայտարարելով Փխենյանի հետ բանակցություններից հեռանալու իր որոշման մասին՝ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը նման կերպ կարող է վարվել նաեւ Պեկինի հետ՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Չինաստանը եւ ԱՄՆ-ը հայտարարել են առեւտրի հարցերում երկու երկրների միջեւ խորը տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի մասին։ Անցյալ շաբաթվա վերջին բանակցությունները, որոնք պետք է ավարտվեին ուրբաթ օրը, երկարաձգվել են մինչեւ կիրակի։ Բացի այդ, նախագահ Թրամփը համաձայնել է առայժմ չբարձրացնել չինական ապրանքների ներկրման տուրքերը, հետաձգելով վերջնաժամկետը, որը նշանակված էր մարտի 1-ին։
Պաշտոնատար անձանց խոսքերով, կողմերը լարված աշխատանք են տանում։ Ծրագրվում է, որ մարտին Թրամփը ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին կհրավիրի Մար-ա-Լագոյում գտնվող իր կալվածք։
Սակայն մտավախություն կա, որ կողմերին չի հաջողվի լուծել տարաձայնություններն այն մասին, թե ինչ միջոցներ պետք է նախաձեռնի Չինաստանը, որպեսզի իր տնտեսությունն ավելի բաց դարձնի։
Զրուցելով լրագրողների հետ՝ Թրամփն ընդգծել է այն դերը, որ Չինաստանը, իր խոսքերով, խաղում է Կորեական թերակղզու ապառազմականացման ջանքերում, եւ կարող է խաղալ, եթե Փխենյանը հրաժարվի միջուկային նկրտումներից եւ կանգնի տնտեսական զարգացման ուղու վրա։ Նրա խոսքերով, իրենք Կիմ Չեն Ընի հետ իրենց հանդիպումներում քննարկել են Չինաստանի հետ կապված իրավիճակը։
Ինչի մասին են խոսել, նախագահը չի մասնավորեցրել։ Նա նշել է, որ Չինաստանը Փխենյանին հսկայական տնտեսական աջակցություն է ցուցաբերում, սակայն հավելել է, որ կանոնները թելադրում է Հյուսիսային Կորեան, որը պատրաստ չէ հետեւել որեւէ մեկի հրահանգներին։




























