Սոմալիի զինվորներն սպանել են երեք զինյալներին, որոնք ահաբեկում էին երկրի մայրաքաղաք Մոգադիշոն 22 ժամ շարունակ, որի հետեւանքով զոհվել է առնվազն 29 խաղաղ բնակիչ, հաղորդում է Reuters-ը:

Գրեթե ողջ օրվա ընթացքում ահաբեկիչները կրակոցներ էին արձակում մայրաքաղաքում, ինչպես նաեւ պայթյուններ իրականացնում:

Սկզբում «Աշ-Շաբաբ» խմբավորման անդամները կանգնեցրել էին պայթուցիկով լցված ավտոմեքենան Մաքքա-Ալ-Մուքարամ փողոցում՝ հյուրանոցի մոտակայքում: Պայթյունը խլել էր մարդկանց կյանքեր եւ վնաս հասցրել մի շարք շինություններին:

Այնուհետեւ զինյալները, տեղափոխվելով հարեւան շենքերի տարածք, կրակ էին բացել զինվորականների ուղղությամբ:

Ավելի ուշ Ոստիկանության կապիտան Օսման Մոհամմեդը հայտնել է Reuters-ին, որ գործողություններն ավարտված են, եւ բոլոր շինությունները վերահսկվում են կառավարական զորքերի կողմից: