Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան ծանր վիճակում հոսպիտալացվել է Ժնեւում՝ հայտնում է Al Mayadin-ը։

Նշվում է, որ 82-ամյա Բուտեֆլիկան պառկած է այն հիվանդանոցում, ուր նա պարբերաբար այցելում էր հետազոտությունների համար։ Լրատվամիջոցի զրուցակցի խոսքերով, նախագահը գտնվում է արհեստական կոմայի մեջ, իսկ բուժող բժիշկները վստահ են, որ նա չի կարողանա վերադառնալ իր պարտականությունների կատարմանը։

Պաշտոնապես տեղեկատվությունը չի հաստատվում։ Հայտնի է միայն, որ նշված հիվանդանոցի շուրջը ուժեղացվել է պահպանությունը։

Բուտեֆլիկան հոսպիտալացվել է այն ժամանակ, երբ երկրում իր նոր հինգերորդ ժամկետի առաջադրման դեմ զանգվածային ցույցեր են սկսվել։ Al Mayadin-ը հայտնում է, որ մայրաքաղաք Ալժիրում տասնյակ հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել։ Նրանք հակակոռուպցիոն կարգախոսներ են հնչեցնում եւ քաղաքական բարեփոխումներ են պահանջում։

Ցուցարարների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել։ Բախումների հետեւանքով 10 մարդ վիրավորվել է, 45-ը՝ ձերբակալվել։