Հայաստանի կառավարությունն իր սեպտեմբերի 23-ին կայացած նիստում հաստատել է Հայաստանի եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ կարգի հիման վրա մեկամսյա ժամկետում իրականացվելու է տեղեկանքների ձեւաթղթերի կենտրոնացված տպագրություն եւ հաշվառում: Արտոնությունները նշանակում են՝ հարկվող շրջանառության ազատում ԱԱՀ-ից, ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ազատում շահութահարկից, ոչ ռեզիդենտների ազատում եկամտահարկից եւ այլն: Կառավարությունն իր նիստում հաստատել է նաեւ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» իրականացման համար տրամադրված փոխառու միջոցների հաշվին անցկացված մրցույթների արդյունքները:
Հիշեցնենք, որ արդյունավետ բանակցություններից հետո հուլիսի 31-ին Երեւանում ստորագրվել էր փոխառության համաձայնագիր Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ: Ծրագրի հիմնական բաղադրիչներն են Թալինի եւ Արմավիրի ոռոգման համակարգերի գլխավոր ջրանցքների վերականգնումը, ծրագրի կառավարումը եւ ինստիտուցիոնալ միջոցառումները:




























